ԱԺ արտահերթ նիստում բուռն քննարկման արժանացած հարցերից մեկն ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծն էր, որն ընդդիմադիր պատգամավորները տեղը տեղին քննադատեցին, չնայած նրանց գերակշիռ մասը կողմ էր օրինագծին։ ՕԵԿ խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆՆ իր ելույթում նշեց, թե ամեն օր «Մոնումենտով» է գնում-գալիս, տեսնում է այնտեղ կառուցված շքեղ դղյակները ու գիտի, որ «վարպետները դուրս են գալիս ու ասում, որ կիլոյով ոսկի են օգտագործում ներսի պատերը զարդարելու համար»: «Ի՞նչ է, հետները տանելու են էն աշխա՞րհ, էս որտեղի՞ց: Մեկը հացի փող չունի, մեկին ԴԱՀԿ-ը շպրտել է դուրս, էն մեկն ընտանիքն առել ու երկրից փախել է, էն մյուսը ոսկեջրում է տան պատերը: Չկա այնպիսի մարդ, ով այս երկրում անհայտ է իր ունեցվածքով։ Էդ ո՞ւմ պապաներն են ըտենց միլիոնատեր եղել, որ մենք չենք ճանաչել իրանց պապաներին: Թրիքից էն յան բան չէին տեսել իրանց պապաները: Թրիքը պատին ծեփում էին, որ հաց թխեին ուտեին, հիմա իրենց երեխեքը միլիարդատերեր են: Հիմա էդ մարդիկ եկել ու մեզ սովորեցնում են, թե պետք է օրենքներով առաջ գնանք, այս ենք անելու, այն ենք անելու»,- հայտարարեց պատգամավորը: Հենց նրան էլ օրինագծին առնչվող մի քանի հարց ուղղեցինք:
-Եթե Հայաստանում օրենքներն իրենց «տեղում» լինեին ու ճիշտ կիրառվեին, կլինե՞ր նման «արհեստական» օրենքների կարիքը։
-Իհարկե՝ ոչ։ Եթե օրենքները կիրառվեին, այսօր այս օրենքը չէր ծնվի։ Դրա համար անընդհատ ինչ-որ օրենքներ ենք բերում ու ընդունում։ Եթե կոռուպցիայի, կաշառակերության համար մարդկանց ձերբակալեին, այսօր այսպիսի օրենք չէինք ունենա։ Հիմա էլ փորձում են այսպե՞ս ինչ-որ բան անել։ Եթե օրենքները գործեին, լրացուցիչ «հնարներ» մտածելու կարիք չէր լինի։
-Եթե բոլորը գիտեն, թե ովքեր են ապօրինի հարստացել, ինչո՞ւ նրանց ձեռքը չեն բռնում։
-Անընդհատ բարձրաձայնում եմ այն հարցը, թե երեք տարի դպրոցները շինհրապարակ են դարձրել, բայց գործ չեն անում, որովհետև իրար ձեռքից տենդեր են խլում։ Այս հայտարարությունը լսում են ուժային կառույցները, ինչո՞ւ որևէ մեկը հետամուտ չի լինում, թե ինչ է ասում ԱԺ պատգամավորը։ Հետամուտ չեն, քանի որ գիտեն՝ չեն կարող գործը մինչև վերջ հասցնել, հասկանում են, որ ամեն մեկի գլխին մի «կրիշա» կա։ Մտածում են, որ եթե այդ գործի վրա «դուրս» գան, իրենց ուժը չի պատի։
-Իրավիճակը շտկելու հող կստեղծի՞ այս օրենքը։
-Ոչ, հազիվ թե։ Մինչև չլինի քաղաքական կամք, ոչ մի օրենք չի գործի։
-Եթե օրենքը հետադարձ ուժ չի ունենալու, դրա կարևորությունը չի՞ նվազում, քանի որ մինչև հունիսի 1-ը, երբ օրենքը կկիրառվի, «նախկին» թալանչիներին այլևս վտանգ չի սպառնալու։
-Դրա համար այսօր որևէ մեկը չի հավատում օրինագծին: Կոռուպցիայի, կաշառակերության արդյունքում շատ պաշտոնյաներ միլիարդների հասնող հարստություն են դիզել, սակայն ոչ մի վնաս չեն կրել։ Հիմա սա ի՞նչ օրենք է, որ լուծվեն նման խնդիրները։ Էլի նույնը շարունակվելու է։
-ԱԺ ամբիոնից Դուք հետևյալ հայտարարությունն արեցիք. «Թրիքից էն յան բան չէին տեսել իրանց պապաները: Թրիքը պատին ծեփում էին, որ հաց թխեին ուտեին, հիմա իրենց երեխեքը միլիարդատերեր են»։ Կոնկրետ ո՞ւմ նկատի ունեիք։
-Կոնկրետ օրինակներ չեմ ցանկանում բերել, բայց մեզնից շատերը խորհրդային երկրի «ժառանգներ» են, մեր ծնողները հավասար հնարավորություններ ունեին, ուստի բոլորս էլ գիտենք, թե ով ինչպես է հարստացել։ Եթե մի քսան տարի հետ գնանք ու նայենք՝ Պողոս Պողոսյանը, Պետրոս Պետրոսյանը որտեղ են աշխատել, ինչ եկամուտ են ստացել, միանգամայն պարզ կլինի, թե այսօր ինչու են այսքան հարուստ։ Եթե մեկը 10 մլն դոլարանոց բնակարան է կառուցում կամ հարյուրհազարանոց դոլարների մեքենաներ ունի՝ բազմաթիվ սերիաներով, նշանակում է` այս մարդու հարստությունն այնքան շատ է, որ 10 մլն-ը միայն տան ոսկեզօծմանն է տրամադրում։ ՈՒրեմն գործ ունենք գերհարուստների հետ։
-Դուք կասկածի տակ առաք նաև Հայաստանում բարեգործությամբ զբաղվողների ֆինանսների «ծագումնաբանությունը»։ Կարծում եք՝ այդ գումարնե՞րն էլ ապօրինի են կուտակվել։
-Այս քսանհինգ տարում մեր երկրում ազնիվ ճանապարհով հնարավոր չէր այնքան հարստանալ, որ տրցակներով փող բաժանեին։ Որքան էլ մտածում եմ, այդքան հարստություն կուտակելու ազնիվ ճանապարհը չեմ տեսնում։ Տրցակներով փող շաղ տվող այդ «բարեգործների» հայտարարագրերը պետք է նայել ու պարզել, թե ինչ ճանապարհով ու որ թվականին են ձեռք բերել։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ